Ուկրաինացի քաղաքական գործիչները բազմիցս կտրուկ եւ վիրավորական ձեւով են արտահայտվել ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի մասին, հիշեցնում է «Ստրանա» կայքը:
Մասնավորապես ՆԳ նախարար Արսեն Ավակովը հուլիսի 31-ին հանրապետականին վտանգավոր մարգինալ էր անվանել: «Չի կարող Պուտինի բռնապետությունը պաշտպանող մարգինալը ԱՄՆ-ում եւ աշխարհում ժողովրդավարական ազատությունների երաշխիք լինել»,- ասել էր նա:
Այդ նույն օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը Թրամփին մեղադրել էր ազատ աշխարհին, քաղաքակիրթ կարգին եւ միջազգային իրավունքին մարտահրավեր նետելու մեջ: «Դա էթնիկ եւ քաղաքակրթական սկզբունքների դեմ հանցագործություն է: Ամերիկացիներն արժանի են պատասխանատու եւ խելացի նախագահ ունենալուն»,- ասել էր նա:
Ռադայի պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» անդամ Վլադիմիր Արեւը Թրամփին պոպուլիստ էր անվանել: Նրա գործընկեր Վադիմ Դենիսենկոն ասում էր, որ Թրամփն ապուշ է, որն ասում է ինչ պատահի միայն թե ամբոխի տրամադրությունը գոհացնի:
Ուկրաինացի քաղաքական գործիչների վրդովմունքի պատճառը հանրապետական գործչի հայտարարությունն էր, որ Ղրիմի ժողովուրդն ուզում է Ռուսաստանի մաս լինել: Թրամփը նաեւ կարծիք էր հայտնել, որ Վաշինգթոնը պիտի ընդունի Ղրիմի միացումը ՌԴ-ին, քանի որ դա կբարելավի երկու երկրների միջեւ հարաբերությունները:




























