Ճիշտ չէր, որ ԱՄՆ-ում կայացած ընտրություններում հայ համայնքը նեցուկ չկանգնեց ոչ մի թեկնածուի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չէ։
Նրա խոսքով, հայ համայնքը պետք է ճիշտ հաշվարկ աներ եւ որեւէ մեկի կողմից լիներ, քանի որ եթե հիմա հայ համայնքը որոշի այնտեղ որեւէ բան անել, կարող է որոշակի դժվարություններ ունենալ:
Դիվանագետը կարծում է, որ ճիշտ չէ երկնային մանանա սպասել այս կամ այն թեկնածուի կողմից: Նա հիշեց, որ երբ Հիլարի Քլինթոնն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծասիկներ դրել, որից հետո թուրքերը վայնասուն էին բարձրացրել, նա անմիջապես հայտարարել էր, թե իր այցը մասնավոր էր, ու ինքը հանդես չէր գալիս որպես ԱՄՆ պետքարտուղար։
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, Արման Նավասարդյանը նկատեց, որ վերջինս հանդես էր գալիս Պուտինի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին, իսկ Քլինթոնը՝ հակառակ. «Եթե Քլինթոնն ընտրվեր, նա դրանով ապահոված կլիներ գալիք ընտրություններում Պուտինի ցնցող հաղթանակը, որովհետեւ ռուս էլեկտորատն անպայմանորեն Քլինթոնի նման հակառուսական գործչի դեպքում պետք է ընտրեր այնպիսի մի նախագահի, որն ուժեղ արտաքին քաղաքականություն պետք է վարի եւ ունենա ուժեղ ձեռք։ Այդ պարագայում դա կխոսեր Պուտինի օգտին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը: Նրան աջակցել էին 276 ընտրիչներ՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն:




























