Սեւանա լճում արձանագրվել են սիգի պաշարների ավելացում, ինչը դեռեւս բավարար չէ լճում արդյունագործական որսի թույլատվության համար: Այս մասին նշվել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝  ՀՀ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ  «Սեւան» ազգային պարկի վարչական շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, տարածքային բաժինների աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներ:

Քննարկվել են «Սեւան» ազգային պարկի կենսաբազմազանության մոնիթորինգը ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնասիրման, Սեւանա լճի հարակից տարածքներում վարձակալության հիմունքներով տրված հանգստի ու սպասարկման օբյեկտների եւ հարակից համայնքների կեղտաջրերի մաքրման խնդիրները, վարձակալների կողմից պայմանագրերով նախատեսված ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:

Շեշտելով քննարկվող հարցերի կարեւորությունը` նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել խնդիրների իրական վիճակը եւ  լուծման հստակ մեխանիզմների վերաբերյալ առաջարկներ:

Անդրադարձ է կատարվել Սեւանա լճի ձկան պաշարների պահպանման եւ ավելացման, առաջիկա օրերին սիգի եւ իշխանի ձվադրման համար բարենպաստ վիճակ ստեղծելու անհրաժեշտ միջոցառումներին: 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետ Տիգրան Վարդանյանը  եւ «Սեւան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանը ներկայացրել են երկու կառույցների իրականացրած անկախ ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց արձանագրվել են սիգի պաշարների ավելացում, ինչը դեռեւս բավարար չէ լճում արդյունագործական որսի թույլատվության համար: Ձկան պաշարների ավելացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարը կարեւորել է իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով որսագողության դեմ պայքարի խստացումը եւ նոր արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը: Արծվիկ Մինասյանը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցչին խնդրել է  մինչեւ շաբաթվա վերջ ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով Սեւանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում կազմված եզրակացությունը` ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները մշակելու նպատակով: