«Ամերիկյան ընտրական գիշերվա կեսերին հանկարծ հնարավոր դարձավ այն հեռանկարը , որ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը»,- գրում է Ստեֆան Բյուսսարը շվեյցարական Le Temps թերթում։

«Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նյույորքցի միլիարդատերը քարոզարշավում ավելի քիչ գումար է ներդրել, քան նրա դեմոկրատ մրցակցուհին։ Նա չուներ այն քաղաքական մեքենան , որին կարող էր ապավինել Հիլարի Քլինթոնը։ Նա չուներ անթիվ անհամար կամավորներ, որոնք գնում ու բախում էին դռներ, համոզելով ընտրողներին գնալ ընտրությունների։ Բայց կարծես նրան հաջողվել է համոզել ամերիկացիների մեծ մասին գալ ընտրատեղամասեր ու արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը երկրում գոյություն ունեցող քաղաքական, մեդիա ու տնտեսական էլիտաների հանդեպ»,- համարում է հոդվածագիրը։

«Նրա սիրելի զենքը Թվիթերն է,- շարունակում է Բյուսարը,- Սոցցանցի օգնությամբ, որի համար նա ոչինչ չի վճարում, նա կարողացել է միավորել երկրով մեկ առաջացող դժգոհության տարատեսակ բռնկումները։ Շատերը մտածում էին՝ արդյոք նա ունակ է իր «Թվիթեր» բաժանորդներին իրական ընտրողների վերածել։ Հաշվի առնելով համալսարանական դիպլոմ չունեցող սպիտակամորթ ընտրողների ուժեղ համախմբումը՝ կարծես թե կարողացել է»։

«Ոչ նրա կոպիտ խախտումները , ոչ նրա գռեհիկ արտահայտություններն ու քամահրական վերաբերմունքը կանանց նկատմամբ կարծես ի վիճակի չեն կանգնեցնել Թրամփին։ Կինոռեժիսոր Մայքլ Մուրը , որը վերջերս նկարահանել է «TrumpLand–ը հօգուտ Հիլարի Քլինթոնի» վավերագրական ֆիլմը, Դոնալդ Թրամփին բնութագրում էր, որպես «Մոլոտովի կոկտեյլ՝ մարդկային կերպարանքով», «միջնամատ՝ ուղղված բոլոր էլիտաներին»,- ասվում է հոդվածում։

«Դեմոկրատների համար այս երեկոն աղետի էր համազոր։ Շատ քիչ շանսեր են մնում, որ նրանք մեծամասնություն կստանան սենատում։ Ու եթե Հիլարի Քլինթոնը ձախողի Սպիտակ տունը նվաճելու իր երկրորդ փորձը ( նա 2008-ին էլ է փորձել), ապա Ամերիկան կարթնանա տրոհված։ Կստեղծվեն երկու Ամերիկաներ, որտեղ պատկերացումների ու առաջնայնությունների տարբերությունները հասցված կլինեն ծայրահեղությունների։ Դա ոչ մի լավ բան չ խոստանում»,- կանխատեսում է Բյուսսարը։