Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է շարունակել երկու երկրների սերտ համագործակցությունը, հիմք ընդունելով ընդհանուր արժեքները, ինչպիսիք են «ժողովրդավարությունը, ազատությունը, իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը հարգելը՝ անկախ մարդու ազգային պատկանելիությունից, մաշկի գույնից, կրոնական համոզմունքներից, սեռից, սեռական կողմնորոշումից կամ քաղաքական հայացքներից»,- հայտնել է DW–ն։
Բեռլինում իր պաշտոնական հայտարարության մեջ Մերկելը նշել է, որ ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով երկրի տնտեսական, ռազմական ու մշակութային ներուժը, պատասխանատվություն է կրում նաեւ երկրի սահմաններից դուրս։ Նա ով կառավարում է նման խոշոր պետություն, պատասխանատու է այն գործողությունների համար, որոնց հետեւանքները զգացվում են աշխարհում գրեթե ամենուր, ասել է Մերկելը։ Նրա խոսքով, ամերիկացիները որոշել են այդ պատասխանատվությունը վստահել Դոնալդ Թրամփին։
Տրանսատլանտյան հարաբերությունները Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմքն են, հիշեցրել է Գերմանիայի կանցլերը։ Նա շեշտել է, որ Գերմանիան ԵՄ սահմաններից դուրս ոչ մի այլ երկրի հետ այդքան սերտ հարաբերություններ չունի։ Մերկելը հույս է հայտնել, որ կլինեն համատեղ գործողություններ աշխարհում ահաբեկչության, սովի դեմ, նաեւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։




























