Ֆրանսիայում կստեղծվի տվյալների միասնական բազա, որի մեջ կընդգրկվեն 67 մլն ֆրանսիացիների ՝ այսինքն Ֆրանսիաի ամբողջ բնակչության մասին տվյալներ, հայտնում է RFI–ն։

Միասնական համակարգին՝ այսինքն այսպես կոչված «մեգա ֆայլին» մուտքի հնարավորություն կունենան ոստիկանության աշխատակիցները, ժանդարմեան, հատուկ ծառայությունները, մաքսատան աշխատողները։ Բիոմետրիկ տվյալները կարող են փոխանցվել նաեւ Ինտերպոլին ու Շենգենյան գոտու երկրների անվտանգության ծառայություններին։

Այդ բազայի ստեղծման մասին դեկրետը ստորագրվել է ֆրանսիական տոների ժամանակ ու գրեթե աննկատ է անցել։ Նոյեմբերի 8-ին ՏՏ հարցերով ֆրանսիական ազգային խորհուրդը բացահայտ քննադատել է նախագիծը։ Միեւնույն ժամանակ ՏՏ հարցերով նախարարը նամակ է ուղարկել Ֆրանսիայի ՆԳ նախարարին՝ խնդրելով դադարեցնել նախագիծը, հենց ՆԳՆ է հովանավորում այդ տվյալների բազայի ստեղծումը։

Ո՞րն է տարաձայնությունների պատճառը։ Պետք է նշել, որ տվյալների միասնական բազայում կլինեն բոլոր ֆրանսիացիների անունները, ֆիզիկական ու էլեկտրոնային հասցեներ ու բիոմետրիկ տվյալներ։ «Այդ բազան ստեղծվելու է արդեն գոյություն ունեցող երկու բազաների հիման վրա, որոնց հավելվելու են լրացուցիչ տեղեկություններ ու ստացվելու է ֆրանսիացիների մասին ամենամեծ տվյալների բազան»,- ասել է ՏՏ Ազգային խորհրդի նախագահ Մունիր Մաջուբին։

Նոյեմբերի 8-ից այդ տվյալների բազայի նախագիծը փորձարկվելու է Իվլին պրեֆեկտուրայում, իսկ 2017-ի սկզբից համակարգն արդեն պետք է գործի ամբողջ Ֆրանսիայում։