Թենեսիի բնակիչ Լուկաս Քամերոնը ԱՄՆ նախագահական ընտրություններից ոչ մի լավ բան չէր ակնկալում, Politico- ում հրապարակված հոդվածում ասում է լրագրող Յուլիա Յոֆֆեն։ «Ազգային քվեարկության արդյունքներով Թրամփը կհաղթի հսկայական տարբերությամբ, իսկ հետո ընտրիչների կոլեգիան հաղթանակը Հիլարի Քլինթոնին կշնորհի»,- կանխատեսել էր Քեմերոնը պարբերականին տված հարցազրույցում։ Այդ դեպքում «մինչեւ գարուն մենք անուղղակի պատերազմի մեջ կմտնենք Ռուսաստանի հետ ու կվատացնենք հարաբերությունները Իրանի հետ», ասում էր նա։
«Իսկ եթե Թրամփին ընտրեն, ապա «Սեւերի կյանքը նույնպես կարեւոր է» շարժումը կվրդովվի, շարունակում էր Քեմերոնը,- Իսկ Օբաման թույլ չի տա, որ նա անցնի իր պաշտոնավարմանը։ Նա ռազմական դրություն կհայտարարի, որպեսզի եւս չորս տարի կառավարի»,- շարունակում էր նա։
«Բայց բարեբախտաբար Լուկասն ու նրա կինը երկար տարիներ են պատրաստվել միջուկային պատերազմի, ժողովրդական խռովությունների ու տնտեսական աղետի՝ մի խոսքով աստվածաշնչյան մարգարեությունների բոլոր հնարավոր մեկնաբանություններին։ Խելահեղ ընտրությունները ընդամենը աշխարհի վերջի եւս մեկ հնարավոր տարբերակ են, ու Լուկասի ու Նիքքիի նման մարդիկ պատրաստ են դրան»,- ասվում է հոդվածում։
Յոֆֆեն գրում է, որ Քեմերոն ամուսինները արդեն հողամաս են գնել Թենեսիի հեռավոր վայրերից մեկում, այնտեղ տուն են կառուցել, ու շուրջը բարձր թփեր տնկել, որպեսզի թաքցնեն այդ տունը իշխանությունների աչքերից։ Արեւային մարտկոցներն էլ կապահովեն անկախ էներգամատակարարում։ Քեմերոնները նաեւ զենքի ու զինամթերքի պաշար են հավաքել։
Քեմերոնները իրենց սեփական Off Grid Contracting ֆիրման ունեն, որը մարդկանց օգնում է պատրաստվել քաղաքակրթության կործանմանը։ 2016-ի նախագահական ընտրությունների նախօրերին այդ ֆիրմայի ծառայությունների պահանջարկը կտրուկ աճել էր։
Քեմերոն ամուսինները, շատ այլ ամերիկացիների նման, կարծում են, որ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը միայն վատանալու է։ Քեմերոնը համարում է, որ ըստ աստվածաշնչյան մարգարեությունների «Մեր հաջորդ տիրակալը մեր վերջին տիրակալն է լինելու։ Ու դատելով այն ամենից, ինչ հիմա է տեղի ունենում, ես միանգամայն հնարավոր եմ համարում, որ մեկ- երկու տարուց միջուկային պատերազմ կսկսվի»,- հավելել է նա։




























