Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանության ուղղությամբ, մեկ ոստիկան թեթեւ վիրավորում է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիական դեսպանությունը գտնվում է Աթենքի կենտրոնում, հունական խորհրդարանի դիմաց: Անհայտ անձինք մոտոցիկլով անցել են դեսպանության շենքի հարեւանությամբ եւ նռնակ նետել: Այն պայթել է մուտքի մոտ, անվտանգության պահպանության աշխատակիցը բեկորային վիրավորում է ստացել:

Հունական լրատվամիջոցները դեպքն ահաբեկչություն են գնահատել: «Proto tema»-ի հաղորդմամբ՝ չարագործները թաքնվել են Էկզարհիա շրջանում: Հատուկ պահապանների միության նախագահ Վասիլիս Դումասը Skai ռադիոկայանին ասել է, որ այս շրջանում անարխիստների բազմաթիվ կազմակերպություններ կան:

Ներկայում ոստիկանությունը շրջապատել է թաղամասը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Հայտնի չէ նաեւ, թե ինչի հետ է կապված այս հարձակումը: