Ամերիկյան հետախուզական միությունը տագնապներ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության պատճառով, գրում է Washington Post-ը:
Նախկինում մամուլը հայտնել էր, որ ԱՄ հետախուզական հաստատությունները պատրաստվում են Թրամփի համար հերթական ճեպազրույցն անցկացնել ազգային անվտանգության հարցերի շուրջ, որոնք կարող են մի քանի օր տեւել:
«Դա անորոշության դեմ վախ է… Մենք չգիտենք, թե իրականում ինչպիսին է նա… Ինչպե՞ս իրավիճակը կզարգանա առաջիկա 4 տարում կամ անգամ մի քանի ամիսների ընթացքում»,- մեջբերում է թերթը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որը զբաղվում է ազգային անվտանգության հարցերով:
«Ես մասամբ վախենում եմ աշխատանքի գնալիս»,- ասել է մեկ այլ աղբյուր:
ԱՄՆ ՌՕՈւ պաշտոնաթող գեներալ, ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Հայդենը, որը 2008-ին ընտրված Բարաք Օբամայի համար ճեպազրույց էր կազմակերպել, նշել է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները Թրամփի հետ հանդիպումներ կունենան, սակայն ինքն իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում չի հիշում որեւէ այլ նախագահի, որն այդպես արհամարհական կվերաբերվեր հետախուզական ծառայությունների գործունեությանը նախընտրական արշավի ընթացքում եւ կասկածի տակ կդներ հետախուզական տվյալների իսկությունն ու որակը:


























