Ինձ համար եւ շատերի համար ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը չկտրված ձմերուկ է. նրա հայտարարությունները հակասական են եւ կոնցեպցիա չեն կազմում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, Դոնալդ Թրամփը ստիպված վերանայելու է շատ բաներ, որովհետեւ բաներ կա, որ հայտարարել է նախընտրական շրջանում, որոնք միասին մեկ համակարգ չեն կազմում:
«Դոնալդ Թրամփը ամերիկյան իսթեբլիշմենթում, անգամ իր կուսակցության ներսում յուրային չէր դիտվում եւ ի դեմս Թրամփի ընտրության, գործ ունենք հասարակության որոշակի բողոքի հետ: Թրամփը միակ շահառուն չէ այս հաղթանակի, այլ մի ողջ կուսակցություն, որն աշխատել է նրա հաղթանակի օգտին: Եթե անգամ ընդունենք, որ նա շատ անհաջող նախագահ է, միեւնույն է Հանրապետական կուսակցությունը հզոր համակարգ է, որտեղ աշխատում են ինստիտուտները: Ինչպիսին էլ լինի Թրամփի անձը եւ նրա նախընտրական հայտարարությունները, այնուամենայնիվ այդ համակարգը չի թողնելու, որ նա ուղղակի ստեղծագործի իմպրովիզներով եւ անի այն, ինչ ուզում է»,-ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով, եթե անգամ մի պահ ընդունենք, որ խիստ անցակալի թեկնածու է ընտրվել ԱՄՆ-ի համար, միեւնույն է ռիսկերը մինիմիզացվում են համակարգի հաշվին, որը թույլ չի տալիս նախագահին ինքնագլուխ գործել:
«ԱՄՆ ներկայացուցչական մարմինը եւս գտնվում է Հանրապետականների վերահսկողության ներքո եւ այնպես չէ, որ գործ ենք ունենալու միայն Թրամփի գաղափարների իրագործման հետ: Սակայն մյուս կողմից, ԱՄՆ հասարակությունն ապացուցեց, որ այսքան միջամտություններից հետո, երբ Թրամփի հայտարարությունները գրգռել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, Եմ անդամ երկրներին, բոլորն ակնհայտ համակրանք էին ցուցաբերում Քլինթոնի հանդեպ, ամերիկացի հասարակությունը ցույց տվեց, որ արտաքին միջամտությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իր վրա»,-ասաց քաղաքագետը:


























