Ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթը հեռացել է հասարակ քաղաքացու շահերից: Այս մասին նոյեմբերի 10-ին՝ «Թրամփ. ԱՄՆ նոր նախագահ. Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքական մշակույթում կա այսպես կոչված «ամերիկյան կոնսենսուսի» գաղափար: «Չնայած բոլոր խնդիրներին՝ խաղի կանոններն ընդունում են դա, եւ դա ԱՄՆ քաղաքական համակարգի առավելություններից մեկն է»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց, սակայն, որ մյուս կողմից Թրամփի հաղթանակի գործում դեր է խաղացել ոչ միայն այն, որ մարդիկ հոգնել էին դեմոկրատներից, այլ գաղափարական տեսանկյունից որոշակի փոփոխությունները: «Դոնալդ Թրամփի հաղթանակը պայմանավորված էր նաեւ նրանով, մարդիկ, որոնք այնքան էլ լավ սոցիալական վիճակում չէին գտնվում, որոշեցին քվեարկել նրա օգտին, քանի որ մտածում էին, որ ինչ-որ բան կարող է փոխվել»,- ընդգծեց Մինասյանը:


























