ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփն իրեն այլ կերպ կդրսեւորի, քան դա թվում էր նախընտրական արշավի ժամանակ, կարծում է Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին:
«Ես կարծում եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփն այնպիսին չի լինի, ինչպիսին էր թեկնածու Թրամփը: Դա արդեն երեւում էր առաջին ելույթից: Նա կունենա իր գաղափարները, բայց ես հակված եմ կարծելու, որ նրա նախագահությունը կտարբերվի թեկնածության շրջանից»,- գրել է վարչապետը Facebook-ում:
Նա Իտալիայի անունից շնորհավորել է պետությանը, որի հետ իրենք, երեւի թե, ամենաշատն են կապված, եւ Թրամփին լավ աշխատանք է մաղթել՝ հայտարարելով, որ հարգում է ԱՄՆ քաղաքացիների քվեարկության արդյունքները:
Միաժամանակ վարչապետը Թրամփի հաղթանակը աննախադեպ փաստ եւ ԱՄՆ քաղաքական պատմության մեջ անակնկալ է որակել՝ հիշեցնելով, որ թեկնածուն նախկինում պետական կառույցներում աշխատանքի փորձ չի ունեցել:


























