Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը կպահպանվի նաեւ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այս մասին նոյեմբերի 10-ին՝ «Թրամփ՝ ԱՄՆ նոր նախագահ. Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ եթե տարաձայնությունները շարունակվեն, ապա Ղարաբաղի հարցով ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունների մասին խոսելն անիմաստ է: «Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կվերանայի Ղրիմի, Ուկրաինայի, Վրաստանի հարցում իր դիրքորոշումը: Պատժամիջոցների վերանայում միգուցե լինի, բայց խորը հարցերում զիջումներ կամ Ռուսաստանի նոր հայեցակարգի ճանաչում միանշանակ չի լինի»,- ասաց Սաֆարյանը:
Նա հավելեց, որ հանրապետականները ավանդաբար կարեւորություն են տվել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ շփման ուղիներին, եւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տանդեմին: «Այդ ծրագրերը շրջանցում էին Ռուսաստանը, այսինքն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները հեշտ չեն լինի»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:



























