Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է Chrédo (Coordination Chrétiens d'Orient – Արեւելքի քրիստոնայաների համակարգում) կազմակերպության պատվիրակության հետ, որը գլխավորում է Պատրիկ Քարամը:

Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Ֆրանսիայի ու Եվրոպայի պատգամավորներ: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie-ն:
«Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ նաեւ պատմական այն փաստի ճանաչում, որ Թուրքիայում տեղի են ունեցել հայերի զանգվածային սպանություններ: Սա միջազգային մասշտաբի եւ միջազգային հանրության հարց է, որն, ի դեպ, ճանաչել է Հոլոքոսթը, բայց մեծավ մասամբ դեռեւս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մենք կցանկանայինք, որ ՄԱԿ-ը Ցեղասպանությունը ճանաչեր: Մենք շարունակում ենք Եգիպտոսի խորհրդարանում ճանաչելու համար մեր պայքարը»,- հայտարարել է Բաքրին:
Նրա խոսքով՝ բանաձեւի նախագիծը կպատրաստվի եւ հնարավոր է՝ ներկայացվի 2017 թվականի ապրիլի 24-ին: Խորհրդարանի առնվազն կեսը համաձայն է երկրի օրենսդիր մարմնում բանաձեւի  ներկայացմանն ու քվեարկելուն: 
Բաքրին նաեւ նշել է, որ Թուրքիան եւ Եգիպտոսը այժմ լավ հարաբերություններ չունեն, եւ Անկարային անհանգստացնում է այն փաստը, որ Եգիպտոսի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել: