Գերմանական Condor ավիաընկերության օդանավն ԱՄՆ-ում արտակարգ վայրէջք է կատարել բրիտանացի ուղեւորի պատճառով, որ օդանավի սրահում կռիվ էր սարքել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Կանկունից (Մեքսիկա) Ֆրանկֆուրտ (Գերմանիա) ուղեւորվող օդանավում: Հաղորդվում է, որ 34-ամյա Օլիվեր Չարլզ Հելիդեյ Ջին իրեն սկսել է ագրեսիվ պահել դեռեւս մինչ ուղեւորությունը եւ ուղեկցորդուհուց ալկոհոլ է պահանջել:
Թռիչքից որոշ ժամանակ անց տղամարդն սկսել է մեկ այլ ուղեւորի եւ նրա 3-ամյա դստեր սպանությամբ սպառնալ, ինչպես նաեւ վիրավորել ուղեկցորդներին: Դրանից զատ, նա մերկացել է եւ հայտարարել, որ ցանկանում է սրահում միզել:
Արդյունքում՝ ավիաընկերության աշխատակիցներին եւ ճանապարհորդներին հաջողվել է սկանդալիստին վնասազերծել: Օդանավը վայրէջք է կատարել Ֆլորիդայի նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի օդանավակայանում: Բրիտանացուն հանձնել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին, որոնք նրան կալանավորել են: Այնուհետեւ օդանավը շարունակել է Գերմանիա թռիչքը:



























