«1977-ին, երբ Բրիտանիային հասավ նորությունն այն մասին, որ Սարասոտեի մոտ իր ուժերը ջախջախվել են ամերիկյան խռովարարների կողմից, Ադամ Սմիթի ընկերը բացականչեց՝ Ազգը կործանված է»։ Իմաստուն փիլիսոփան անխռով պատասխանել էր նրան «Ազգի ներսում կա կործանման զգալի ներուժ»։ Այս ենթադրությունը փորձության կենթարկվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»,- գրում է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) ավագ գիտաշխատող Մաքս Բութը Foreign Policy–ում։

«2016-ի նոյեմբերի 9-ը մութ ու դեպրեսիվ օր էր իմ ու այն ամերիկացիների համար, որոնք գերազանցաբար (թեկուզեւ աննշան մեծամասնությամբ) քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին։ Նման օրերին հեշտ է սեփական վատագույն մտավախությունների զոհը դառնալ»,- գանգատվում է հեղինակը։ «Ամերիկայի վրա իջնում է ֆաշիզմի մութ գիշե՞րը։ Սա սպիտակամորթ ռասիստների տրիո՞ւմֆն է։ Գուցեեւ»,- շարունակում է նա։

«Սա ՆԱՏՕ-ի վե՞րջն է ու Վլադիմիր Պուտինի փառահեղ հաղթանա՞կը։ Միանգամայն հնարավոր է։ Խոստովանում եմ, որ ինձ խորապես մտահոգում է այն, որ այդ աղետալի սցենարները կարող են իսկապես իրականանալ»,- գրում է Բութը։ «Չնայած ես նախազգուշացրել եմ Թրամփի նախագահության աղետալի հետեւանքների մասին, ես պատկերացում չունեմ, թե նա իրականում ինչ կանի»,- խոստովանում է հեղինակը։ «Եթե նույնիսկ հնարավոր է ողբերգության հաջորդ օրը լավատեսության փշրանքներ հավաքել, ապա դրանք թերեւս այն փաստի մեջ են, որ Թրամփը սարսափելի անկանխատեսելի է գրեթե բոլոր քաղաքական հարցերում»,-շարունակում է նա։

«Ներգաղթի հարցով Թրամփը սկզբում հայտնել էր, որ Մեքսիկան պետք է պատ կառուցի սահմանին ու որ բոլոր 11 մլն անլեգալ միգրանտներին արտաքսելու են, հետո պարզվեց որ պատը ԱՄՆ-ն է կառուցելու, իսկ արտաքսելու են միայն ավազակներին ու թմրադեղեր վաճառողներին»,- ասում է հեղինակը։

Ազգային անվտանգության հարցում նա սկզբում կոչ էր անում վճռականորեն արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ։ Բայց քարոզարշավի վերջում Թրամփը հրաժարվել էր այդ արմատական գաղափարից, գրում է Բութը։ Թրամփն ասում էր, որ ՆԱՏՕ-ն հնացել է, բայց նաեւ ասել է, որ կցանկանար որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ դեր կատարեր ահաբեկչության դեմ պայքարում։

«Ի՞նչ եզրակացություն պետք է անենք դրանից։ Ես եզրակացրել եմ, որ Թրամփի մոտ քիչ են կայուն սկզբունքները, բացի ինքնագովազդից», - գրում է Բութը։ «Եթե Թրամփը իրեն շրջապատի կոմպետենտ պրոֆեսիոնալներով, որոնք պետական ծառայության փորձ ունեն, ու եթե լսի նրանց խորհուրդները, նա կկարողանա շատ հարցերում բավականին ավանդական պահպանողական ծրագիր իրականացնել։ Նա կարող է հաջողության հասնել տնետսական քաղաքականության ոլորտում, որի շրջանակում արդեն խոստացել է նվազեցնել հարկերը ու կարգավորումը՝ եթե այդ խոստումը զրոյի չհավասարեցվի աշխատատեղերը ոչնչացնող տուրքերով, ապա այն կարող է տնետսական աճի խթան դառնալ»,- համարում է հոդվածագիրը։