Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի անկյունաքարն էր դարձրել ԱՄՆ-ին երբեմնի փառքը վերադարձնելու խոստումը։ Որո՞նք են լինելու դրա հետեւանքները մնացյալ աշխարհի համար, հարցնում է Le Monde–ի լրագրող Սիլվիա Քաուֆմանը

«Եթե «Բրեքսիթը» ցնցեց Արեւմտյան Եվրոպան, ապա Դոնալդ Թրամփի ընտրվելը աշխարհի ամենահզոր ռազմական տերության նախագահի պաշտոնում, ցնցում է ամբողջ աշխարհի համար»,- համարում է հոդվածագիրը։

«Դոնալդ Թրամփը, որը կողմ էր արտահայտվում «Բրեքսիթին», քննադատում է ԵՄ-ին ու ասում, որ եվրոպացիները պետք է ամբողջական պատասխանատվություն ստանձնեն՝ հատկապես իրենց պաշտպանունակության ֆինանսավորման հարցում, այլ ոչ թե թաքնվեն անվտանգության ամերիկյան հովանոցի տակ։ Նրա խոսքով այս ձեւով ՆԱՏՕ-ն չի կարող գործել, ու հարձակման դեպքում ԱՄՆ-ն դաշնակիցներին օգնության կգա միայն եթե եվրոպական պետությունները ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը»,- գրում է Le Monde-ը։

Մեծ հարցականի տակ են Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ուժեղ փչացել են վերջին մեկ տարում։ Դոնալդ Թրամփը բազմիցս գովերգել է Պուտինին, որին համարում է «ավելի լավ առաջնորդ, քան Օբամային», իսկ ամերիկյան հատուկ ծառայություններն էլ ռուս ցանցահեններին են մեղադրում ընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի շտաբի վրա կիբերհարձակման մեջ, ինչը խնդիրներ էր ստեղծել Քլինթոնի համար։ Սակայն այդ երկուսը անձամբ ծանոթ չեն, ու ՌԴ նախագահը ձեռնպահ է մնացել հանրապետական թեկնածուին հրապարակավ հաղթանակ մաղթելուց։ Թե Թրամփը, թե Պուտինը զգայուն են ուժերի հարաբերակցության հարցում։ Հարց է առաջանում՝ արդյոք Պուտինի վճռականության նկատմամբ Թրամփի հիացմունքը կհանգեցնի նրան, որ նա հավանություն կտա Պուտինի որոշ ծրագրերին՝ Ուկրաինայի, Վրաստանի նկատմամբ ու Մերձավոր Արեւելքում։ Թրամփն այս հարցերի պատասխանից խուսափում է»,- ասում է Քաուֆմանը։

«Դոնալդ Թրամփը ուզում է խզել Գլոբալ տաքացման մասին փարիզյան համաձայնագիրը՝ բայց արդյո՞ք կանի դա։ Նա նաեւ ուզում է հրաժարվել գլոբալիզացիայից ու միջազգային առեւտրի մասին պայմանագրերից, որոնց մեղավոր է համարում ԱՄՆ-ում զբաղվածության խնդիրների մեջ։ Այդ գլոբալիզացիայի ամենամեծ շահառուներից մեկը Չինաստանն է, որը նրա թիրախում է հայտնվել։ Թրամփն ուզում է սակագնային խոչընդոտներ ստեղծել չինական ապրանքների համար, նա նաեւ դեմ է ազատ առեւտրի մասին համաձայնագրին»,- շարունակում է հոդվածագիրը։

«Սակայն կարելի է ենթադրել, որ իրականությունն ու իրատեսական մոտեցումը նախագահ Թրամփին կստիպեն մեղմել իր որոշ հայացքներ, ինչպես Ռոնալդ Ռեյգանի հետ տեղի ունեցավ։ Համենայն դեպս այն անցումային ժամանակաշրջանը, երբ նա պետք է ձեւավորի իր ապագա թիմը որոշակի տեղեկություններ կհաղորդեն այս հարցերի շուրջ, որոնց տանջալի անհանգստությամբ սպասում է ամբողջ աշխարհը»,- ամփոփում է Քաուֆմանը։