Կանադայում ատենակալների դատարանը արդարացրել է այն կենդանաբանական խանութի տիրոջը, որտեղից 2013-ին փախել էր պիթոնը ու խեղդել վեց եւ ութ տարեկան երկու տղաների, հայտնում է BBC–ն։

Գիշերը չորս մեր երկարությամբ օձը դուրս էր սողացել տերարիումից ու 10 սմ տրամագծով օդափոխանակության անցքով սողոսկել կենդանաբանական խանութի վերեւում գտնվող բնակարան, որտեղ քնած էին Նոա ու Քոննոր Բարթ եղբայրները  եւ խեղդել նրանց։ Ինչպես դատարանում հավաստիացնում էին խանութի սեփականատեր Ժան-Կլոդ Սավոյեի  փաստաբանները, իրենց պաշտպանյալը չէր կարող կանխատեսել, որ պիթոնը կարող է անցնել այդքան նեղ անցքի միջով, հետեւաբար այն փակելը անհրաժեշտ չէր համարել։

Դատախազն էլ, հակառակը, պնդում էր, որ օդափոխանակության խողովակը չփակելով վանդակով, Սավոյեն հանցավոր անփութություն է դրսեւորել։ Սակայն ատենակալները խանութի տիրոջն են պաշտպանել։

Դեպքը տեղի էր ունեցել Կանադայի Քեմփբելթոն քաղաքում 2013-ի օգոստոսին։ Կենդանաբանական խանութի վերեւի բնակարանում քնած երեխաներին գտել էին խեղդված, դիահերձումը նրանց մարմինների վրա բացահայտել էր օձի խայթոցներ։ Պիթոնին հետագայում բռնել էին ու սպանել։