Նեոնացիստական խումբը Facebook–ի իր էջում հրապարակել է Բեռլինում գտնվող հրեական կազմակերպությունների, խանութների ու հաստատությունների ցանկը։ Նշված է նաեւ Հոլոքոսթի զոհերի հուշահամալիրը, որը գտնվում է Բրանդենբուրգյան դարպասներից ոչ հեռու։ DW -ի փոխանցմամբ քաղաքի քարտեզում նշված են այն վայրերը, որտեղ գտնվում են այդ հաստատությունները ու գրված է «հրեաները մեր շարքերում են»։
Այս գրառումը սոցցանցում հայտնաբերել են Շարժական խորհրդատվություն իրավական ծայրահեղականության դեմ» կազմակերպության աշխատակիցները, հենց նրանք էլ այդ մասին տեղեկացրել են հրեական կազմակերպություններին ու Facebook–ի աշխատակազմին, որը սակայն դա խնդրահարույց չի համարել։ Բունդեսթագի պատգամավոր «կանաչների» ներկայացուցիչ Ֆոլկեր Բեքը սոցցանցում այդ հրապարակումը անվանել է «միտումնավոր սադրանք»։ Սակայն նրա խոսքով այն դժվար թե իրավական հետեւանքներ ունենա հեղինակների համար, քանի որ, ըստ իրավաբանների, չի համապատասխանում թշնամանք սերմանելու մասին հանցակազմին։
Նոյեմբերի 9-ի Գերմանիայում հարգում էին «բյուրեղապակյա գիշերվա» զոհերի հիշատակը։ 1938-ի նոյեմբերի 9-ը ամենաողբերգական գիշերն էր Գերմանիայի պատմության մեջ։ Նացիոնալ սոցիալիստները այդ օրը հրեաների կոտորածներ էին կազմակերպել, որը մի քանի տարի հետո վերածվել էր հրեաների զանգվածային ու սիստեմատիկ ոչնչացման։


























