Աֆղանստանի հյուսիսային մասում՝ Մազարի Շարիֆ քաղաքում «Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանի վրա։ Դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել։ Պայթել էր ականապատված ավտոմեքենա, այս մասին հայտնել է աֆղանյան ոստիկանության ներկայացուցիչը,փոխանցում է DW-ն։
Տեղի հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 30 վիրավոր, հայտնել է կլինիկայի գլխավոր բժիշկ Նուր Մոհամմադը։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ամբողջ քաղաքում է լսվել, հայտնել են ականատեսները։
Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» արմատական իսլամական շարժումը։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դա վրեժխնդրություն է Քունդուզ նահանգում վերջերս տեղի ունեցած ռմբակոծության համար։ Հոկտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի օդանավերի օդային գրոհի հետեւանքով զոհվել էին 30 խաղաղ բնակիչներ, եւս 19 մարդ վիրավորում էր ստացել։



























