ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) Նյու Յորքի Trump Tower երկնաքերի վերեւում, որտեղ գտնվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կենտրոնական նստավայրը, ոչ թռիչքային գոտի է սահմանել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գոտու շառավիղը կազմում է շուրջ 3.7 կմ, շուրջ 1 կմ բարձրությամբ թռիչքներն արգելված են: Բացառություն է արվել Գաղտնի ծառայության, զինվորական եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների օդանավերի համար: Սահմանափակման ժամկետը կավարտվի 2017թ. հունվարի 21-ին, երբ կկայանա ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը:

Սպիտակ տան սահմաններից դուրս ապագա կամ նախկին նախագահների նստավայրերի վերեւում ոչ թռիչքային գոտիների սահմանումը ստանդարտ ընթացակարգ է: Օրինակ՝ նման գոտի է սահմանվել նաեւ Ջորջ Բուշ-կրտսերի Թեխասի ռանչոյի վերեւում:

Ոչ թռիչքային գոտի է սահմանվել նաեւ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի Ինդիանապոլիսի նստավայրի օդային հատվածում: