2016 թվականի մարտին Գերմանիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով կալանավորված սիրիացին կարող էր Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ահաբեկչություն պատրաստել: Գերմանիայի Դատական դաշնային պալատի (BGH) եզրակացության համաձայն՝ 19-ամյա սիրիացին ուսումնասիրել է Բեռլինում մարդկանց կուտակումների հիմնական վայրերը: Այս մասին հայտնում է DW-ն:
Քննության տվյալներով՝ կասկածյալը հետեւել է, թե որքան մարդ եւ որ ժամերին են զբոսաշրջային ավտոբուսները մոտենում կենտրոնական տեսարժան վայրերին: Իր հավաքած տվյալները նա հեռախոսով փոխանցել է Սիրիայում գտնվող անհայտ մեկին: Դրանից զատ, նա երկու համախոհների հետ ԻՊ-ին առաջարկել է Գերմանիայում ահաբեկչություններ իրականացնել:
ԻՊ-ի ենթադրյալ անդամը ձերբակալվել է 2016-ի մարտի 22-ին: Նա ահաեկչական խմբավորմանն է միացել 2013 թվականին եւ մասնակցել է ռազմական գործողությունների: Կալանավորվածը մեղադրվում է հարձակումների անմիջական կազմակերպիչների հետ շփումն ապահովելու համար: Չորեքշաբթի նրա կալանքի ժամկետը երկարացվել է եւս 3 ամսով:




























