Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կքննարկի Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ որոշումը չկատարելու հարցը: ՄԻԵԴ որոշմամբ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին Ադրբեջանից ելքի թույլտվություն չտալն անօրինական էր ճանաչվել:
contact.az-ի փոխանցմամբ՝ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-8-ը Նախարարների կոմիտեի նիստում: Այս մասին Turan-ին հայտնել է փաստաբան Ինթիգամ Ալիեւը:
Հիշեցնենք, որ Քերմիլիի դեմ 1994-ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել, երբ իրավապահները իբր թե նռնակ էին առգրավել նրա մոտից: Քերիմլիին ձերբակալել էին, սակայն որոշ ժամանակ անց բաց թողել:
Դրանից հետո Քերիմլին 2 անգամ ընտրվել էր Ադրբեջանի խորհրդարան: 2006-ին լրացել էր նրա անձնագրի ժամկետը: Սակայն նրա դեմ քրեական գործի առկայության պատրվակով իշխանությունները Քերիմլիին նոր անձնագիր չէին տվել: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Քերիմլին ԵԽԽՎ-ում քննադատել էր 2005-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումները:
2015-ի հուլիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Քերիմլիի բողոքը նրան անձնագիր չտալու գործով:




























