Գերմանիայի հետախուզական ծառայությունը պատմության մեջ առաջին անգամ սեփական հետախուզական արբանյակները կունենա, գրում է Sueddeutsche Zeitung-ը: Այս շաբաթ բյուջետային հանձնաժողովը Գերմանիայի կանցլերի հավանությամբ հաստատել էր նախագծի ֆինանսավորման առաջին մասը:
Արբանյակների համակարգը կմշակվի Բունդեսվերի (ԶՈւ) եւ Գերմանիայի օդատիեզերական հետազոտությունների կենտրոնի կողմից: Նախագծի արժեքը գնահատվում է առնվազն 400 մլն եվրո: Ակնկալվում է, որ առաջին բարձրորակ լուսանկարները կստացվեն 2022-ից ոչ ուշ:
Բացի այդ, վերջին ամիսների Գերմանիայի կառավարությունը խստացրել է ուժային կառույցների ամրապնդման գիծը: Ապագայում Գերմանիայի ոստիկանության, Քրեական գործերի դաշնային գերատեսչության եւ Սահմանադրության պաշտպանության գերատեսչության բյուջեն կմեծանա, կներգրավվեն նոր աշխատակիցներ: Կառավարությունը դա կապում է ահաբեկչական սպառնալիքի աճի հետ:




























