Հյուսիսային Իտալիայի Պորդենոնե քաղաքի դատարանը 40-ամյա մուսուլման կնոջը 4 ամսվա ազատազրկման է դատապարտել, որը սակայն անմիջապես փոխարինել է 30 հազար եվրոյի չափով տուգանքով, քանի որ կինը հրաժարվել էր հասարակական վայրում հանել նիկաբը՝ ավանդական գլխաշոր, որը ամբողջությամբ փակում է դեմքը, հայտնում է Messaggero Veneto–ն։
Դեպքը տեղի էր ունեցել 20 օր առաջ, երբ ալբանական ծագումով կինը, որը երկար ժամանակ է Իտալիայում է բնակվում ու արդեն Իտալիայի քաղաքացիություն է ստացել, փակ դեմքով եկել է Սան Վիտո ալ Տալյամենտո քաղաքի քաղաքապետարան ՝ քաղաքապետարանին առընթեր մանկական խորհրդի նիստին, որին մասնակցում էր նաեւ նրա որդին։
Քաղաքապետը մի քանի անգամ խնդրել էր նրան հանել գլխաշորը, սակայն կինը հրաժարվել էր։ Դրան ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կնոջը դուրս են բերել դահլիճից, որպեսզի անձի նույնականացում կատարեն, սակայն կինը կարողացել է դուրս պրծնել նրանց ձեռքերից ու վերադառնալ դահլիճ։ Մանկական խորհրդի նիստը ընդհատվել է։
Կնոջ անունը չեն հայտնում, նրա նկատմամբ սկսվել էր հետաքննություն 1975-ին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի «հասարակական վայրերում արգելվում է պաշտպանական սաղավարտներ կամ այլ իրեր կրել, որոնք խոչընդոտում են անձի նույնականացմանը»։
Դատավոր Ալբերտո Ռոսսին, քննելով ալբանուհու գործը, սկզբում նրան 600 եվրո տուգանքի էր դատապարտել ու 4 ամսվա ազատազրկման, բայց հետո դատավճիռը փոխվել էր եւ ավելի խոշոր չափի տուգանք էր սահմանվել։ Այսպիսով մուսուլման կինը պետք է 30 հազար 600 եվրո տուգանք վճարի՝ նիկաբը հանելուց հրաժարվելու համար։




























