ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է սենատոր Քելլի Այոթի թեկնածությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Washington Post-ը:
Նշանակման դեպքում Այոթը Պենտագոնի առաջին կին ղեկավարը կդառնա:
«Թրամփի թիմը սենատոր Քելլի Այոթին ավելացրել է պաշտպանության նախարարի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների ցանկում»,- գրում է Washington Post-ը:
Եթե Այոթը նշանակվի այս պաշտոնում, Թրամփի վարչակազմում կառանձնանա որպես նեոպահպանողական «բազե» եւ կդառնա նոր վարչակազմի քիչ թվով կին անդամներից մեկը:
Նյու Հեմփշիրից սենատոր Այոթը նոյեմբերի 8-ին փորձել է վերընտրվել, սակայն չնչին տարբերությամբ զիջել է դեմոկրատ Մեգի Հասենին:




























