Հեյդար Ալիեւի արձանի վրա արված «Շնորհավո՛ր ստրուկների օրը» գրության հեղինակներից մեկը հայտարարել է ոստիկանության բաժանմունքում կտտանքների ենթարկվելու մասին:

Ըստ contact.az-ի՝ NİDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում առաջադրված մեղադրանքով:

«Իմ ձերբակալության պատճառը Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանին արված «Շնորհավո՛ր ստրուկների օրը» գրությունն է: Այդ ակցիայի նպատակն անարդարության դեմ բողոք արտահայտելն էր»,- ասել է Մամեդովը:

Մեղադրյալը պատմել է, որ Սաբունչու ավանում իրեն ձերբակալել են 7-8 հոգի: «Ինձ սպիտակ մեքենա նստեցրին եւ սկսեցին ծեծել: Իսկ հետո մեկուկես ժամ ծեծեցին ոստիկանությունում, հետո՝ մեկուսարանում: Ծնողներիս ներկայությամբ չեմ ուզում մանրամասն խոսել կտտանքների մասին, բայց ճնշումների ներքո ես պատրաստ էի խոստովանել ոչ միայն թմրանյութերի, այլեւ ահաբեկչության, սպանության մասին: Ինձ տանջել են հոսանքով, սպառնացել են երկրորդ հարկից ցած նետել եւ այլն»,- հայտարարել է Մամեդովը՝ հրաժարվելով ճնշման արդյունքում տված ցուցմունքներից:

Մամեդովը նաեւ կապտուկներն է ցույց տվել եւ նշել, որ օմբուդսմենի ներկայացուցիչը նկարել է բռնության հետքերով իր դեմքը, իսկ հետո հայտարարել, որ բռնության հետքեր չի տեսել:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Սակայն նրանք հայտարարել են, որ իրենց ձերբակալության իրական պատճառն Ալիեւի արձանի վրա արված գրություններն են:

Amnesty International կազմակերպությունն ակտիվիստներին «խղճի բանտարկյալ» է կոչել: Հոկտեմբերի 25-ին Իբրահիմովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: