Նոյեմբերի 11-ին մեկնարկել է «Արեւորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:

Բացման արարողությանը հաջորդել է «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Ֆիլմը հավաքել է արտիստների եւ ակտիվիստների մի խումբ, որպեսզի աշխարհին ցույց տա ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների եւ նրանց զանգվածային ոչնչացման մասին պատմող երբեւէ չցուցադրված պատկերներ։ Թափանցելով տխրահռչակ սեւ շուկաներ, թե հետազոտելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Ոչնչացման մրցավազքը» կոչված է փոխելու մեր աշխարհայացքը:

Նոյեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում բացվել է նաեւ աշխարհահռչակ լուսանկարիչ եւ ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 14-ը։

Բնապահպանական կարեւոր խնդիրների անդրադարձող «Արեւորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է եւ խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման եւ FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաեւ նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարեւոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի եւ դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ եւ այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում։

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նույեմբերի 14-ին, 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։ Արարողությանը կհաջորդի Գրահամ Թովնսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը նոտաներով ներշնչված երազանքի մասին է: Հուզական ու սրտառուչ պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում երեխաներին:

Ֆիլմ «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին, որոնք նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Սա երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն է, որը նաեւ բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության եւ թափոնային աղտոտվածության մասին:

Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։