Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայիս սերունդի պայմաններում բախվել է անվտանգության շատ ավելի լուրջ խնդիրների. Այժմ անժամանակ է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների գործընկերության արժեքները կասկածի տակ դնելը: Այս մասին The Guardian-ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները մշտապես գիտակցել են անվտանգության հարցերը միայնակ լուծելու անիմաստությունը, եւ որ վերջին 67 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ավելի կայուն եւ հուսալի գործընկեր չի ունեցել, քան Եվրոպան է: Ըստ Սթոլթենբերգի՝ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի «համառության» եւ Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում ստեղծված քաոսի պատճառով նկատվում է սպառնալիքների աճ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավաքական պատասխան են տվել, մասնավորապես՝ ԱՄՆ-ը լրացուցիչ զորակազմ է տեղակայել Արեւելյան Եվրոպայում: «Սա զսպում է, ոչ թե ագրեսիա: Մենք ձգտում ենք ոչ թե հակամարտություններ հրահրել, այլ հակամարտությունները կանխել»,- ասել է նա՝ հավելելով, որ ի տարբերություն սահմանին Ռուսաստանի տասնյակ հազարավոր զինծառայողների, ՆԱՏՕ-ի գումարտակներում ընդգրկված են հազարավոր զինծառայողներ: «Մեր պատասխանը պաշտպանական բնույթ ունի եւ համաչափ է: Բայց այն հստակ եւ ոչ երկիմաստ ազդակ է հղում. մեկի վրա հարձակումը կհանգեցի բոլորի պատասխանին»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Սթոլթենբերգը նաեւ ասել է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է շահերի եւ արժեքների խորը ընդհանրության վրա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերում ԱՄՆ-ի բաժինը կազմում է գրեթե 70 տոկոս, եւ այդ բեռն ավելի հավասարաչափ բաշխելու կոչերն արդարացի են: «Այս անորոշ ժամանակներում մենք ամերիկյան ուժեղ առաջնորդության կարիք ունենք, եւ մենք՝ եվրոպացիներս, պետք է մեզ վրա վերցնենք այդ բեռի մեր արդարացի բաժինը: Բայց առաջին հերթին պետք է ճանաչենք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերության արժեքավորությունը»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ հնարավոր էր համարել ՆԱՏՕ-ի փլուզումը: Նա հայտարարել էր, որ դաշնակիցները «չեն վճարում իրենց արդարացի բաժինը», եւ 28 երկրներից կազմված դաշինքը հնացած էր անվանել: Նա ասել էր, որ եթե նրանք չսկսեն վճարել, ապա պետք է կազմակերպությունը լքեն: «Եվ եթե ՆԱՏՕ-ն պիտի փլուզվի, ապա այդպես էլ կլինի»,- ընդգծել էր հանրապետականը: