ԱՄՆ-ում շատ ուժեղ ինստիտուտներ կան, եւ նախագահի ինստիտուտը միակը չէ երկրի արտաքին քաղաքականության ենթատեքստում: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա բացմանը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 18-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե Դոնալդ Թրամփի ընտրությունն ինչպես կանդրադառնա հետխորհրդային երկրների, մասնավորապես Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա՝ նա պատասխանել է. «Բոլորս սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ տեղի կունենա: Բայց ԱՄՆ-ի հետ կապված մի բան է կարեւոր՝ մենք շատ ուժեղ ինստիտուտներ ունենք, եւ նախագահի ինստիտուտը միակը չէ երկրի արտաքին քաղաքականության ենթատեքստում»:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի հետ գործընկերությունը կարգավորվում է Կոնգրեսի միջոցով: «Ես որեւէ մտահոգություն չունեմ, քանի որ ԱՄՆ-ում գոյություն ունեն մեկից ավելի քաղաքական գործիքներ, որոնք ներգործում են արտաքին քաղաքականության ձեւավորման գործընթացի վրա: Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի»,- նշել է Լահյուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: