Թուրքիայում լրատվամիջոցների եւ ընդդիմության դեմ զանգվածային ճնշումների ֆոնին նոյեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպել են ԵՄ արտգործնախարարները։ «Ես հույս ունեմ, որ մենք Թուրքիայի նկատմամբ հստակ դիրքորոշում կմշակենք։  Իրավական ոլորտում մշտապես վատթարացող իրավիճակը ԵՄ–ում մեծ մտահոգություն է առաջ բերում»,– ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է DW–ն։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ասել էր, որ ԵՄ–ն չի կարող պասիվ հետեւել, թե ինչպես է Թուրքիան փորձում վերականգնել մահապատիժը եւ զանգվածաբար ձերբակալում է ընդդիմադիր գործիչներին։ «Մեզնից ոչ մեկը չի ուզում լքել Թուրքիային, բայց Թուրքիան նույնպես չպետք է լքի մեզ»,– ասել էր Ասելբորնը։

Ավելի վաղ նա չէր բացառել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։