Իրաքյան պատերազմի իրողությունների շուրջ սկանդալային աղմուկ բարձրացրած WikiLeaks-ը, որ հրապարակել է «հույժ գաղտնի» կնիք-մակագրություն ունեցող մի շարք փաստաթղթեր, տիրապետում է Ռուսաստանի դեմ կոմպրոմատային նյութերի։ Այս մասին հայտարարել է ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանջը, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
«Այն փաստը, որ ձեր կայքէջերի մեծ մասում տեղեկատվությունը ռուսերենով է, սահմանափակում է մեր հնարավորությունները։ Սակայն մեզ օգնում են ամերիկացիները, նրանք Ռուսաստանի մասին մեծ թվով նյութեր են տալիս։ Ռուսական շրջանակներում այժմ կռահում են, թե կա՞ն, արդյոք, տվյալներ, որոնց տիրապետում է WikiLeaks-ը»,- հստակեցրել է Ասանջը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks կայքէջն իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար գաղտնի փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթղթերը ներառում են 2004 թվականի հունվարի 1-ից 2009 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
«Դրանք մանրամասն տեղեկատվություն են տալիս իրաքյան իրադարձությունների մասին, որոնց ականատեսն են եղել ամերիկացի զինծառայողները»,- ասված է կայքէջում։
Փաստաթղթերում ասվում է, որ այդ ժամանակահատվածում Իրաքում զոհվել է ավելի քան 109 հազար մարդ։ Նրանցից 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ, 23 հազար 984-ը՝ զինյալներ, 15 հազարը՝ զինծառայողներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ 3 հազար 771 ամերիկացի եւ նրանց դաշնակից զինվորականներ։ Միջին հաշվով Իրաքում օրական 31 խաղաղ բնակիչ է սպանվել։
Այնտեղ նաեւ ասվում է, որ Իրաքի իրավապահ մարմիններն անմարդկային կտտանքների են ենթարկել ձերբակալվածներին։





























