ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից հրապարակված արձանագրությունները գնահատել է որպես հետաքրքրական տեղաշարժ: Նրա խոսքով, թեպետ իշխանությունները փորձում են գործընթացն ամեն կերպ դիտարկել իբրև հաղթանակ հայկական կողմի համար, այնուամենայնիվ չարժե ժամանակից շուտ «հորթի հրճվանք ապրել կամ հակառակը՝ հոռետեսությամբ վերաբերել գործին»:

Նշելով, որ սկսված պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ Կարսի պայմանագրի վավերացում, Ա. Մելիքյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանների բացմանը տրամաբանորեն կհետեւի Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը։ Դա, ըստ նրա, զարմանալի չէ, մանավանդ որ Ռուսաստանը եւս ողջունում է երկու երկրների ջանքերը՝ ուղղված հարաբերությունների լավացմանը։

Հարցին, թե ի՞նչ կերպ կմեկնաբանի ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերություների համատեքստում, Ա. Մելիքյանն ասաց.՝ «Ղարաբաղը չպետք է դառնա այն գինը, որը կվճարենք այդ հարաբերությունների համար»: Ճիշտ է, ադրբեջանական կողմը կանի ամեն բան գործըթացին խոչընդոտելու համար, սակայն ըստ նախկին արտգործնախարարի, դրանից ոչինչ չի փոխվի։ Նրա կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման սցենարները մի քանիսն են, եւ այն, ինչ անհնարին էր թվում երեկ, այսօր արդեն հնարավորի սահմաններում է։ Ա. Մելիքյանը չբացառեց նաեւ որ ամեն վայրկյան հավանական է պատերազմի վերսկսումը: