Հայաստանում ընթացող ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակում ԱՄՆ–ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների ռազմական կցորդները եղել են Հայաստանի ԶՈւ Խաղաղապահ բրիգադում։

Հյուրերին ներկայացվել է Խաղաղապահ բրիգադի հիմնադրման պահից ի վեր դրա գործունեության մասին պատմող ֆիլմ։

Ֆիլմը պատմում է Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում հայ խաղաղապահների մասնակցության մասին։ Հայաստանը միջազգային խաղաղապահ գործունեությանը մասնակցում է 2004–ից (Կոսովո)։

«Դուք պատմական վայրում եք գտնվում»,– ասել է բրիգադի հրամանատար գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը՝ դիմելով հյուրերին։ Շինությունները, որոնցում այս պահին գտնվում է Խաղաղապահ բրիգադը, կառուցվել են 1902 թվականին։ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին այստեղ ձեւավորվեց 5 հայկական դիվիզիա։ Հետո այստեղ կազմավորվեց անկախ Հայաստանի առաջին գունդը»,– ասաց Սիմոնյանը։