Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր` հոկտեմբերի 25-ին այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային եւ կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:
«Այս 65 տարիները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարությունը մարդկության զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ Հայաստանը, 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները՝ որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, ակտիվորեն ներգրավվեց ՄԱԿ-ի մարմիններում եւ հնարավորության սահմաններում, կարողացավ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,-ասել է Սերժ Սարգսյանն, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին` իր նպաստը բերելով ընդհանուր հաջողությանը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող տիկին Գերչեւան նշել է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունն անհնար կլիներ առանց ՀՀ կառավարության հետ ռազմավարական համագործակցության: Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով հնարավոր է հասնել գրասենյակի առջեւ դրված խնդրիների լուծմանը` տարեցտարի ավելի ու ավելի բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը:





























