1000 դրամների ֆոնդի նախագծի նկատմամբ ժողովրդի անվստահությունը գալիս է նույն նպատակով դեռեւս 2002-ին բացված՝ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու  «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, ինքը «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմինների հարցում է ուղարկել եւ պարզել, որ  2014 թվականին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն է ստացել:

Անահիտ Բախշյանի ձեռքի տակ են հիմնադրամի ծախսերի հաշվետվությունները, որոնցում հստակ նշված չէ, թե գումարներն ինչի վրա են ծախսվել. «2015 թվականին շուրջ 82 միլիոն դրամ է ծախսվել կանոնադրական նպատակներով, բայց գրված չէ՝ ինչ նպատակներ են, կոնկրետ ինչի վրա են ծախսել: Գրված է նաեւ՝ սպայական կազմի ուսուցում արտասահմանում: Հարց եմ ուղղել՝ քանի սպա է գնացել վերապատրաստման, պատասխան չկա, բանակի համար ինչ եք արել՝ ոչ մի պատասխան: Դրա համար այս անվստահությունը կա նմանատիպ ֆոնդերի նկատմամբ»:

Անահիտ Բախշյանի ներկայացմամբ, ինքն այս տարվա հուլիսին եղել է Արցախում, անձամբ այցելել սահման, որտեղ իրեն ասել են, որ ինչ-որ չի արվել այս 20 տարիների ընթացքում, արվեց 5 ամսվա ընթացքում. «Բա ու՞ր էիք այդ 20 տարին, ինչու՞ ոչինչ չէր արվում»: