Կառավարությունը դեռ վերջնական որոշում չունի` Արմավիրում երկու անգամ տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան, թե ոչ:
«Մենք այժմ քննարկում ենք, թե տարբեր գերատեսչությունների մակարդակով ինչ կարող ենք անել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նշենք, որ գյուղացիներին հասցված վնասը կազմում է 20 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ Արմավիրում միայն այս տարի երկու անգամ ուժեղ կարկուտ է տեղացել: Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքները վերացնելու համար Կառավարությունը հունիսին որոշել էր 51 միլիոն դրամ հատկացնել:
Երկրորդ անգամ ուժեղ կարկուտ Արմավիրում տեղացել է հուլիսի 10-ին, երբ վնասվել էր 47 համայնքի բերքը: Ըստ նախնական հաշվարկի՝ կարկուտից վնասվել է 5 հազար 6 հարյուր 37 հա տարածք՝ 8 հազար 6 հարյուր 62 գյուղատնտեսական տնտեսություն: Խաղողը վնասվել է 40-100 տոկոսով, պտուղը, բանջարեղենը, բոստանը՝ 30-100 տոկոսով: Նշենք, որ տանիքները վերանորոգելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 21 մլն 857 հազար դրամ:



























