Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ «Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» թեմայով:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատվությունը` ավանդական եւ այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ),  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը եւ մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցութամբ:

Մրցույթի նպատակն է խրախուսել նորարարական նյութերի պատրաստումը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ տարածման նոր ձեւերի օգտագործմամբ: Պատրաստված նյութերը պետք է անդրադառնան սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն զարգացումներին:

Մրցույթը  իրականացվելու է հետեւյալ երեք զուգահեռ ուղղություններով.

Հեռուստատեսային, տպագիր, ռադիո եւ online լրատվամիջոցների կողմից նորարարական ծրագրերի պատրաստում եւ/կամ մուլտիմեդիա պլատֆորմների կիրառում` ստեղծված նյութերը լսարանին հնարավորինս բազմազան ուղիներով հասանելի դարձնելու նպատակով:

Քաղացիական լրագրության զարգացում` բլոգեր, սոցիալական ցանցեր, բջջային հեռախոսի միջոցով փոխանցվող վիդեո-աուդիո ինֆորմացիա:
Տեսանյութերի արտադրություն` վավերագրական ֆիլմերի, տեսանյութերի, սոցիալական հոլովակների պատրաստում:

Խրախուսվում  է ավանդական եւ այլընտրանքային մոտեցումների համատեղումը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել ԵՀՀ հայտի պարզ ձեւը, որը կարելի է ներբեռնել հիմնադրամի կայքից` http://epfound.am/index.php?article_id=23&clang=1   կամ այն ստանալ ԵՀՀ գրասենյակից:

Ծրագրին վերաբերող տեղեկատվական նախամրցութային սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, ժ. 15:00-ին, ԵՀՀ գրասենյակում, որի ընթացքում կտրվեն պարզաբանումներ ծրագրային հայտը լրացնելու վերաբերյալ:

Հայտերը ԵՀՀ գրասենյակ ներկայացնելու վերջնաժամկետն է 2010թ. նոյեմբերի 17-ը, ժ.17:00-ն:  

Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2011թ. հունվարի 18-ին: Ծրագրերը կմեկնարկեն 2011թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Դրամաշնորհային ծրագրերի տեւողությունը 6 - 12 ամիս է: Մրցութային ընդհանուր դրամագլուխը կազմում է 200,000 ԱՄՆ դոլար: Մեկ դրամաշնորհի սահմաններում տրամադրվող գումարը 3,000-ից մինչեւ 20,000 ԱՄՆ դոլար է: Նշված գումարը գերազանցող առաջարկները` 21,000 մինչեւ 50,000 ԱՄՆ դոլար,  կդիտարկվեն միայն բացառիկ նորարարական լինելու պարագայում: