Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաները հաճախ մեկուսանում են՝ սահմանափակվելով ընտանիքի անդամների հետ շփումով եւ հոգեպես կախում ձեռք բերելով մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է ոչ միայն նրանց՝ տարիքի համապատասխան սոցիալացվելու դինամիկային, այլեւ՝ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմին: Խնամակալ ծնողը ստիպված է լինում հրաժարվել աշխատանքից, ինքնադրսեւորվելու եւ ընտանիքի բարեկեցությանը նպաստելու հնարավորությունից:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում երեք տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին: 2016 թվականին իր աջակցությամբ հիմնադրամին է միացել ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նրանց համար իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը:

2016թ.-ի ընթացքում, ոլորտի առաջատար կազմակերպությունների եւ մասնագետների կողմից կազմակերպվել է մասնագիտական հատուկ նոր ուղղության՝ անհատական օգնականի վերապատրաստման 51 դասընթաց, ինչի արդյունքում շուրջ 50 մասնագետից 15-ը որպես հիմնական աշխատող եւ 5-ը՝ որպես փոխարինող, արդեն մտել են 32 ընտանիք: Նրանք ապահովում են երեխայի 8- ժամյա խնամք, զբաղվածություն եւ հմտությունների զարգացում:

Մանկավարժ-օգնականներից եւ համակարգող հատուկ հինգ մասնագետից կազմված թիմին կարճ ժամանակահատվածում հաջողվել է հասնել զգալի արդյունքի. բարելավել ընտանիքի կյանքի որակը,  ստեղծել երեխայի համար՝ ինքնադրսեւորվելու, իսկ մայրիկների համար՝ աշխատելու հնարավորություն: Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ  բժշկական որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են  տանը, դպրոցում եւ վերականգնողական կենտրոններում:  Գործում է նաեւ վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ 3 մասնագետից կազմված խումբն այցելում է ընտանիքներ՝ կազմում երեխայի հետ աշխատելու շաբաթվա անհատական պլան եւ կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները:

«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է համախբել խնդրի կարգավորմամբ բազմակողմանիորեն զբաղվող տարբեր կազմակերպությունների, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին եւ օգտակար լինել երեխաներին: