Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել, որ իր երեխաները կմտնեն քաղաքականություն։
Իլհամ Ալիեւը առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շվեդական «ՏՏ» գործակալության գլխավոր տնօրենից հարց է ստացել իր երեխաների ապագա մասնագիտական գործունեության մասին։
Էրիքսոնի հարցին, թե Ալիեւի կարծիքով իր երեխաները կզբաղվեն քաղաքականությամբ, թե ոչ Ադրբեջանի նախագահը պատասխանել է, որ դա կախված է նրանց ցանկություններից եւ պլաններից։
«Կարծում եմ, որ նրանք դեռեւս գոհ են իրենց գործունեությունից։ Նրանք շատ ակտիվ են մշակութային եւ սոցիալական հարցերում։ Ի դեպ, նրանցից երկուսը կապված են մեդիա ոլորտի հետ։ Իմ ավագ դուստրը տարիներ շարունակ «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որն Ադրբեջանը ներկայացնում է միջազգային լսարանին։ Ամսագիրը հրապարակվում է 2 լեզվով՝ անգլերեն եւ ռուսերեն։ Դուք այդ ամսագիրը կարող եք տեսնել համացանցում։
Իմ երկրորդը դուստրը նույնպես զբաղվում է լրագրության հետ կապված հարցերով։ Նա լրագրողական կրթություն է ստացել։ Աշխատում է Ադրբեջանի մասին փաստագրական ֆիլմի վրա, որը ներկայացնում է մեր երկիրը՝ որպես պատմությամբ հարուստ ժամանակակից պետություն։
Իմ որդին ուսանող է։ Նրա ապագա ընտրությունը կախված է հենց նրանից։ Նա Բաքվի համալսարանում տնտեսագիտական կրթություն է ստանում։ Այնպես որ դա նրա որոշումը կլինի։ Ադրբեջանը երկիր է, որը բոլորի համար տարբեր հնարավորություններ է ստեղծում։ Եթե նրանք ուզենան իրենց ապագան կապել քաղաքականության հետ, դա կլինի նրանց որոշումը»,– ասել է Ալիեւը։




























