Հայաստանի ընդդիմադիր ուժերը կբողոքարկեն Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Սամվել Բալասանյանի ընտրությունը Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Այս նախաձեռնությանն աջակցել են ԱԺ 32 պատգամավորներ (ՕԵԿ-ից ու ԲՀԿ-ից) անհրաժեշտ 27-ի փոխարեն: Նախաձեռնությանը միացել է նաեւ ԳԱԼԱ կուսակցությունը, որն ընտրվել է Գյումրիի ավագանիում:

Ընդդիմությունը ՍԴ-ում կբարձրացնի Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանադրականության հարցը: Այդ հոդվածը բոնուս է նախատեսում այն ուժի համար, որն ստացել է քաղաքի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին: «Այդ բոնուսային կամ ֆոկուսային համակարգով ստացվում է, որ 34 տոկոս ստացած ուժը (տվյալ դեպքում «Բալասանյան» դաշինքը) ստացել է ավագանու մանդատների բացարձակ մեծամասնությունը: Սա վտանգավոր նախադեպ է: Ժողովրդին պետք է վերադարձնել ընտրության իրավունքը»,-հայտարարեց Մարգարյանը: