Արցախի Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում հայտնաբերված գտածոների գենետիկական անալիզը ցույց է տալիս, որ հայերը բնիկ ժողովուրդ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանը։
Նրա խոսքով Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում ԴՆԹ-ի պահպանման պայմանները բացառիկ են՝ համեմատած օրինակ Ազոխի քարանձավի հետ, որտեղ գտածոների ԴՆԹ-ն այնքան է քայքայված, որ հնարավոր չէ համեմատել տարբեր շերտերի տվյալները: «Համեմատելով ժամանակակից հայերի գենետիկական ինֆորմացիան եւ պեղված գտածոների ԴՆԹ տվյալները՝ արդեն հստակ կարելի է պնդել, որ հայերը եկվորներ չեն, ինչպես շատերն են պնդում, այլ հանդիսանում են բնիկ ժողովուրդ: Մենք այստեղ 6000-7000 տարի ապրող ժողովրդի հետնորդներն ենք: Մեր առաջին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ունի գենետիկական բավական երկար պատմություն, որի ակունքները սկիզբ են առել շուրջ 4.5-5 հազար տարի առաջ: Հետաքրքրական է, որ դա համընկնում է նաեւ լեզվաբանների այն կարծիքի հետ, որ հայերենը հնդեվրոպական ծառից առանձնացել է հենց այդ շրջանում»,- ասել է նա:
Գիտնականի խոսքով այս գիտական արդյունքները ադրբեջանա-թուրքական կողմի անհիմն՝ հայերի եկվոր լինելու մասին հայտարարությունների լավագույն պատասխանն են: Լեւոն Եպիսկոպոսյանի խոսքով շատ կարեւոր է այն փաստը, որ արշավախումբը միջազգային է՝ ներառելով տարբեր երկրների լավագույն մասնագետներին: «Փորձը ցույց է տալիս, որ միջազգային արշավախմբի հրապարակած արդյունքները ամենաքիչն են ենթարկվում հարեւանների հարձակմանը: Նրանք ուղղակի փաստարկ չեն ունենում այդ դեպքում: Շուտով հոդված լույս կտեսնի, որտեղ մենք կներկայացնենք մեր երկարատեւ աշխատանքի արդյունքներն ու եզրակացությունները»,- հավելել է նա:
Լեւոն Եպիսկոպոսյանը նաեւ ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ հայերի գենոֆոնդը վերջին հազարամյակում էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել՝ չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների:«Օտարերկրյա նվաճողների հետ հայերի գենետիկական շփումները խոչընդոտող առավել հավանական պատճառները Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքն է, քրիստոնեության վաղ ընդունումը եւ հայերի մոտ խիստ արտահայտված էթնո-մշակութային ինքնության ձեւավորումը»,- ասել է Լեւոն Եպիսկոպոսյանը:






























