Չարենցավանում գործող «Ասկե գրուպ»–ի գործարանում հունիսին աշխատակցի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել վարորդ Սամվել Դավթյանին։
Նախաքննության ընթացքում ապացուցվել է, որ Սամվել Դավթյանը չի իրականացրել իր կողմից շահագործվող շինարարական կռունկի մեխանիզմների, մետաղակառույցների եւ անվտանգության սարքերի դիտարկում, զննում։ Այսպիսով, կամրջակային կռունկների համար մոնտաժված հենասյուների վրա էլեկտրամոնտաժ աշխատանքներ կատարելու համար հունիսի 22-ին ընկերության էլեկտրոմոնտյորներ Գարիկ Սահակյանին եւ Գարիկ Արսենյանին ԱՊ-17Ա մոդելի ավտովերհանի անսարք վիճակում գտնվող զամբյուղով բարձրացրել է վերեւ: Արդեն մոնտաժման հատվածի մոտ գտնվելու ժամանակ շինարարական կռունկի զամբյուղը չի ֆիքսվել հորիզոնական դիրքում, թեքվել եւ հետ է շրջվել, ինչի հետեւանքով Գարիկ Սահակյանն ընկել է ասֆալտապատ գետնին եւ մահացել:
Սամվել Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157–րդ հոդվածի 2–րդ մասով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հունիսի 22-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: «Ասկե գրուպ»-ի գործարաններից մեկի աշխատակիցն ընկել է շինարարական կռունկի հարթակից եւ մահացել:




























