Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամներն այսօր՝ նոյեմբերի 19–ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ինչպես հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, պատվիրակության անդամներին ուղեկցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը։ Ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է. «Հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մեկ անգամ եւս համոզվում ենք, թե որքան փխրուն է խաղաղությունը, թե որքան հրեշավոր է բռնությունը, որքան սարսափելի են ազգերի միջեւ կոնֆլիկտները: Մենք ամեն ինչ պետք է անենք նոր ողբերգություններ թույլ չտալու համար։ Մենք հայ ժողովրդի հետ ենք»։




























