Պրոբացիայի ինստիտուտի կիրառման շրջանակներում, արդեն ներմուծվել են հատուկ սարքեր եւ պատիժ կրող անձի էլեկտրոնային վերահսկողություն է իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով Պրոբացիայի ծառայության ներդրմանը:

«Շատ է խոսվում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում եւ ըստ այդմ, պետության քաղաքականությունն այն է, որ մենք նոր խափանման միջոցներ ենք մտցնում՝ տնային կալանք, վարչական հսկողություն: Պրոբացիան ապահովելու է այդ խափանման միջոցների իրագործումը նաեւ էլեկտրոնային հսկողության սարքերի միջոցով: Սա նշանակում է, համապատասխան անձի ոտքին ամրացվելու է համապատասխան սարքավորում, որը հսկելու է նրա գտնվելու վայրը: Տնային կալանքի դեպքում՝ տնից որոշակի շառավղով հեռավորության վրա, իսկ եթե վարչական վերահսկողություն է, հսկելու է նրա շարժը: Մենք արդեն այս սարքերն ունենք, փորձարկման եւ վերակրթման փուլն է»,-ընդգծեց նա: