«Առաջնահերթությունը մարդու իրավունքներն են» կազմակերպության նախագահ Լիա Մուխաշավրիան Ստրասբուրգից բերել է Վրաստանի կառավարության` Մարդու իրավուքների եվրոպական դատարանի հարցմանն ուղղված պատասխանը, որը վերաբերում է Կսանսկի թիվ 7 գաղութում տեղի ունեցածին:

Ինչպես նշել է Մուխաշավրիան, կառավարության պատասխանն ստանալու համար պահանջվել է գնալ Ստրասբուրգ։ «Այնտեղ մենք իմացանք, որ կառավարությունը խոստովանել է, թե Կսանսկի գաղութում հանցագործություն է կատարվել։ Վրաստանի կառավարությունը Եվրադատարանին հայտնել է, որ Կսանսկի գաղութում քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է իրականացվում։ Կառավարության նամակին կցված է բանտարկյալներից Արչիլ Սախվաձեի առողջական վիճակի մասին  բժշկական տեղեկանքը»,- ասել է Մուխաշավրիան, հայտնում է Trend-ը։

Օգոստոսի 19-ին Կսանսկի  թիվ 7 գաղութում դիմակավորված հատուկջոկատայինները ազատազրկվածներին դուրս են բերել խցերից, ստիպել են մերկանալ, դեմքով շրջվել դեպի պատը եւ սկսել են ծեծել նրանց։ Նույնը կատարվել է նաեւ հաջորդ գիշեր։ Բանտարկյալներից որոշներին ծեծել են նրա համար, որ վերջիններս հայց են ուղարկել Ստրասբուրգի դատարան։