ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երեւանի քաղաքապետի եւ վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների եւ ուսուցիչների հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաեւ Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ, կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում:
Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ:
Այցի ավարտին Նախագահը Կրթության եւ գիտության նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության եւ կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները:
Հանրապետության Նախագահը Կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության եւ բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:
































