Մեր քաղաքացիներից շատերը չեն վստահում պաշտոնական թվերին։Մանավանդ աշխատավարձերի վերաբերյալ։ Չնայած պաշտոնական ցուցանիշն ինքնին այնքան փոքր է, որ նույնիսկ անիմաստ է այն զարգացած երկրների ձեռքբերումների հետ համեմատելը։ Դրա համար էլ ներկայացնում ենք մեկ այլ հետխորհրդային երկրի՝ Ռուսաստանի տվյալները, որի տնտեսությունը հիմա լավագույն վիճակում չէ։
Հոկտեմբերին Ռուսաստանում միջին ամսական աշխատավարձը, հայկական դրամով արտահայտված, կազմել է 275 հազար դրամ։ Դա գրեթե մեկուկես անգամ շատ է մեր ցուցանիշից։ Իրականում հայաստանյան աշխատավարձերի հարցում պատկերն ավելի վատ է ՝ հաշվի առնելով եւս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք։ Ռուսաստանում աշխատավարձից պահում են ֆիզիկական անձանց եկամուտների հարկ՝13 տոկոսի չափով։ Իսկ մեր երկրում եկամուտից գանձվող հարկը շատ ավելի բարձր է՝ մոտ 24 տոկոս։
Համեմատության համար հաճախ են օրինակ բերում, թե քանի կիլոգրամ տավարի միս կարելի է գնել աշխատավարձով։ Եվ այսպես, Ռուսաստանում «միջին» աշխատողը կարող է ձեռք բերել 88 կգ տավարի միս, իսկ Հայաստանում՝ 57 կգ-ից էլ քիչ։ Այսինքն տարբերությունը արդեն իսկ գերազանցում է 1․5 անգամը։
Կան նաեւ այլ հանգամանքներ։ Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, երբ աշխատավարձը (նաեւ կենսաթոշակը) հիմնական եկամուտների օրինական աղբյուրն էր, հիմա իրավիճակն այլ է։ Պաշտոնական տվյալներով, անցած տարի աշխատավարձն ապահովել է Հայաստանի բնակչության ընդհանուր եկամուտների 55 տոկոսը։
Նորից ներկայացնենք բնակչության գումարային եկամուտների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը դեցիլային խմբերի կտրվածքով (բնակիչների թվաքանակի 10 տոկոսը)։ Առաջին խմբում՝ամենաաղքատ ընտանիքներում, եկամուտներում աշխատավարձի տեսակարար կշիռը չի հասնում նույնիսկ 14 տոկոսի։
Հասկանալի է, որ այդ կոնտինգենտում չկան մասնավոր ոլորտի բարձր վճարվող մասնագետներ, կամ էլ բարձր աշխատավարձով չինովնիկներ։ Այսինքն այն քաղաքացիները, որոնց մոտ աշխատավարձի աճի յուրաքանչյուր տոկոսն ավելի ծանրակշիռ է, քան աղքատ ընտանիքների անդամների մոտ։ Հասկանալի է, որ ցածր վճարվող աշխատողների համար աշխատավարձի 3 տոկոսով աճը, եթե իրականում նման բան եղել է, չնչին գումար է կկազմի։
Սմբատ Գրիգորյան





























