Այս տարվա հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանանց բռնության վերաբերյալ ստացվել է ավելի քան 9 հարյուր ահազանգ: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը` նշելով, որ դա իրենց կազմակերպության հարցումների արդյունքներն են:

«Մեծ մասամբ ահազանգում են հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ: Առաջնային զանգերի 48 տոկոսը հենց հոգեբանական բռնություններն են, իսկ հիսուն տոկոսը` ֆիզիկական: Գրանցել ենք սեռական բռնության դեպքեր` ընդամենը երկու տոկոս, քանի որ դրա վերաբերյալ շատ քիչ են ահազանգում: Շատ հաճախ կանայք դրա մասին չեն խոսում, ամեն երրորդի հետ աշխատելիս մասնագետն արձանագրում է ամուսնու կողմից բռնաբարության դեպք»,- ասաց Աիդա Առաքելյանը:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով էլ` կանայք ոչ միշտ են բարձրաձայնում սեռական բռնության մասին, դա բացահայտում են մասնագետները` տուժածների հետ տարվող համապատասխան աշխատանքից հետո միայն:

«Եթե ընդհանուր հաշվենք բոլոր նմանատիպ կազմակերպությունների հարցումները, ապա անցած տարի միայն բռնության երկու հազար դեպք է գրանցվել»,- նշեց Աննա Հովհաննիսյանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին նշվում է կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը: