Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով Ազնավուր Բալեյանի վրա կրակած Ա. Ներսեսյանը զինվորականի որդի է, 5 ամսվա ծառայող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավոր զինծառայողի հարազատներից մեկը: Նրա խոսքով՝ Ա.-ն Ազնավուրի վրա կրակելուց հետո երկար ժամանակ օգնություն չի կանչել, մինչ դեռ ասվում է՝ Ա. Ներսեսյանը Ազնավուր Բալեյանի վրա կրակելուց անմիջապես հետո է օգնությունը կանչել: Վիրավոր զինծառայողի հարազատի խոսքով՝ Ա.-ն դեպքից հետո զանգել է զինվորական հորը եւ միայն հոր հորդորներից հետո է կանչել օգնություն. «Զանգել է հորն ու ասել՝ մարդ ա սպանել: Չգիտեմ՝ ինչ ա եղել, հայրը նորից զանգել եւ որդուն հորդորել է, որ օգնություն կանչի: Դրանից հետո նոր է Ներսեսյանն իր կատարածի մասին հայտնել, մեզ հրամանատարությունից են այսպիսի ինֆորմացիա տվել»:
Նրա խոսքով՝ Ազնավուր Բալեյանը համեստ, խելացի եւ կարգապահ զինծառայող է եւ նա ունակ չէր վիճաբանություն հրահրելու. «Եթե գնաք ու հարցնեք, բոլորն էլ կասեն, թե ինչքան կարգապահ զինծառայող է: Մենք բոլորս զարմացած ենք, որ նման դեպք է եղել»:
Ազնավուր Բալեյանը անգիտակից վիճակում գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը ծանր կայուն է:
Նա Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Ազնավուրը 1 ամսից զորացրվելու է, նա ունի իրենից մեծ եւ փոքր եղբայրներ:
Ավելի վաղ NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:
Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝ Ա. Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝ կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:
Ա.Ներսեսյանը ձերբակալվել է:



























